Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղը մեկն է սահմանամերձ այն գյուղական բնակավայրերից, որի բնակիչները 2015 թվականի հունվարի մեկից օգտվելու են ՀՀ կառավարության կողմից սահմանված արտոնություններից:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը, կա ռավարության որոշումը Վահանում ընդունել են առանձնակի ուրախությամբ, քանի որ 285 տնտեսություն ունեցող գյուղում 100 տոկոսով օգտվում են էլեկտրաէներգիայից եւ 90 տոկոսով' բնական գազից:

 

«Եթե սրան էլ ավելացնենք այն, որ արդեն 2 տարի է, ինչ վահանցիներն ազատված են նաեւ հողի հարկից, ապա պարզ է, թե մարդիկ իրենց որքան թեթեւացած կզգան, եթե եկող տ արվա սկզբից հիսուն տոկոսով պակաս վճարեն սպառված էլեկտրաէներգիայի եւ գազի դիմաց»,- նշեց համայնքի ղեկավարը:

 

Ըստ գյուղապետի' Վահան գյուղից ոչ մի ժամանակ, անգամ' ռազմական գործողությունների ծավալման ընթացքում, արտագաղթ չի եղել: Տարեկան մոտ 40 երիտասարդ մեկնում են արտագնա աշխատանքի, իսկ մնացածն զբաղված են գյուղատնտեսությամբ կամ հանրային ծառայությամբ ու պայմանագրային զինծառայությամբ:

 

Գյուղի բնակչության թիվն էապես չի նվազում, այստեղ տարեկան գրանցվում է մինչեւ 10 ծնունդ: «Շատ կարեւոր է նաեւ, որ Վահանը եկող տարվանից ընդգրկվում է սահմանամերձ այն համայնքների ցանկում, որտեղ ձեռնարկատիրական գործունեության համար սահմանվում են հարկային արտոնություններ:

 

Համոզված ենք, որ ձեռներեցներ կգտնվեն, ովքեր մեր համայնքում կբացեն ձեռնարկություններ, կստեղծեն նոր աշխատատեղեր, կխթանեն գյուղմթերքների արտադրությունը: Մենք ավելի հույսով ու հավատով ենք սպասում Վահանի զարգացմանն ու շենացմանը»,- հավելեց համայնքի ղեկավարը: