Տարեմուտի առթիվ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը պարգևատրել է համակարգի մի խումբ աշխատակիցների: Նախարարն անձամբ է խրախուսել այն աշխատակիցներին, ում դրսևորած ջանքերով համակարգի ձեռքբերումներն ավելի առարկայական են դարձել 2014 թվականի ընթացքում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել նախարարության հիմնովին վերանորոգված դահլիճում: Տոնական միջոցառմանը միացել է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը' համակարգի աշխատակիցներին շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ:

 

Մաքսային գործի բնագավառում հատուկ ծառայությունների համար Ֆինանսների նախարարի հրամանով' մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են «ՀՀ պատվավոր մաքսային ծառայող» և «Մաքսային ծառայության առաջավոր» կրծքանշաններով: Գերազանց ծառայության համար նախարարի հրամանով' մի շարք աշխատակցիների խրախուսման կարգով արտահերթ շնորհվել են դասային և հատուկ կոչումներ: Նախարարի մեկ այլ հրամանով' խրախուսման կարգով 3 աշխատակցի հատկացվել է բնակարան:

 

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և աշխատանքի նկատմամբ նվիրվածություն ցուցաբերելու, գերազանց և բարեխիղճ ծառայության համար նախարարության մի խումբ աշխատակիցներ հուշանվերներ են ստացել:

 

Իսկ 27 աշխատակցի հայտարարվել է շնորհակալություն, 400 աշխատակիցների շնորհվել են հարկային, մաքսային և քաղաքացիական ծառայողի դասային և հատուկ կոչումներ, ևս 125 աշխատակից արժանացել է դրամական պարգևի, ինչպես նաև բարձրացվել են 109 հարկային և մաքսային ծառայողների պաշտոններ: