Ստամբուլի Սամաթիա հայաշատ թաղամասում հարձակման հետևանքով մահացած պոլսահայ Մարիցա Քյուչուքի համար հիշատակի արարողություն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, Քյուչուքի մահվան երկրորդ տարելիցի օրը' դեկտեմբերի 28-ի առավոտյան, Սամաթիայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել:
Արարողությանը ներկա են եղել ոչ միայն Քյուչուքի ընտանիքի անդամները, այլև հայկական համայնքի ներկայացուցիչներ: Եկեղեցուց հետո արարողություն է տեղի ունեցել նաև Բալըքլըի հայկական գերեզմանոցի նրա շիրիմի մոտ:
Ավելի ուշ հիշատակի արարողություն է տեղի ունեցել արդեն Սամաթիայի հրապարակում: Այստեղ ոչ միայն հիշատակել են Մարիցա Քյուչուքին, այլև 2011 թվականին դեկտեմբերի 28-ին թուրք-իրաքյան սահմանին գտվող Ռոբոսքի բնակավայրում թուրքական օդուժի կողմից ռմբակոծության ժամանակ 34 զոհվածներին (այդ դեպքերը հայտնի են Ռոբոսքիի կամ Ուլուդերեի կամ Շըրնաքի կոտորած անուններով):
Հանցագործը կամ հանցագործները չորս տարեց հայ կանանց վրա առաջին հարձակումը գործել են 2012 թ. դեկտեմբերի 27-ին. առաջին տուժողը Թուրֆանդա Ա-ն էր: Նրանք մտել են միայնակ կնոջ բնակարան, ծեծի ենթարկել նրան և տարել թանկարժեք զարդերը: Դեկտեմբերի 28-ին սպանել են Մարիցա Քյուչյուքին: Մեկ ամիս հետո' 2013 թ. հունվարի 22-ին ներխուժել են 83-ամյա Սուլթան Այքարի տուն և նրան ծեծի ենթարկել: Փողոցում հարձակվել և փորձել են առևանգել ևս մեկ տարեց հայ կնոջ: Երկար հետաքննությունից հետո թուրքական ոստիկանությունը հարձակումների կասկածանքով ձերբակալել է հոգեկան խանգարումներ ունեցող ազգությամբ հայ Մուրադ Նազարյանին, ով հացաքննության ժամանակ ասել է, որ չի ճանաչում այդ կանանցից ոչ մեկին և չի հիշում, որ նման սպանություն և հ արձակումներ է կատարել: