Ստամբուլի հայաշատ Սամաթիա թաղամասում սպանված հայ Մարիցա Քյուչուքի մահվան երկրորդ տարելիցի կապակցությամբ նրա ընտանիքը հիշատակի արարողություն կիրականացնի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, արարողությունը կկայանա հենց Քյուչուքի մահվան օրը' դեկտեմբերի 28-ին:
Սամաթիայի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգից հետո Քյուչուքի ընտանիքի անդամներն ու բարեկամները կգնան Բալըքլը հայկական գերեզմանատուն, որտեղ ամփոփված է հայ կնոջ աճյունը:
Հանցագործը կամ հանցագործները չորս տարեց հայ կանանց վրա առաջին հարձակումը գործել են 2012 թ. դեկտեմբերի 27-ին. առաջին տուժողը Թուրֆանդա Ա-ն էր: Նրանք մտել են միայնակ կնոջ բնակարան, ծեծի ենթարկել նրան և տարել թանկարժեք զարդերը: Դեկտեմբերի 28-ին սպանել են Մարիցա Քյուչյուքին: Մեկ ամիս հետո' 2013 թ. հունվարի 22-ին ներխուժել են 83-ամյա Սուլթան Այքարի տուն և նրան ծեծի ենթարկել: Փողոցում հարձակվել և փորձել են առևանգել ևս մեկ տարեց հայ կնոջ:
Երկար հետաքննությունից հետո թուրքական ոստիկանությունը հարձակումների կասկածանքով ձերբակալել է հոգեկան խանգարումեր ունեցող ազգությամբ հայ Մուրադ Նազարյանին, ով հացաքննության ժամանակ ասել է, որ չի ճանաչում այդ կանանցից ոչ մեկին և չի հիշում, որ նման սպանություն և հարձակումներ է կատարել: