Գյումրու Սլաբոտկա թաղամասում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած դաժան սպանության գործով ՀՀ Քննչական կոմիտեում որպես կասկածյալ ներգրավված անձ դեռ չկա:
Մինչ պատկան մարմինները զբաղվում են սպանության գործի նախաքննությամբ, հարկ է նշել որ թաղամասի բնակիչները փաստւմ են դեպքը տեսախցիկներով ֆիքսելու մասին, իսկ որոշ ականատեսներ նշում են, որ կնոջը դաժանաբար ծեծի ենթարկած տղամարդն առավել նման է մոլագարի, որն առանձնակի դաժանությամբ շշով կնոջ դեմքին հարվածելով, վերջինիս հասցրել է մահվան:
Սլաբոտկա թաղամասի բնակիչները նաև խոսում են կնոջը մահվան հասցնողի մասին, նշելով, որ նա ռուս զիծառայող է:
Թեմայի վերաբերյալ Քննչական կոմիտեից ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին, որ հետաքննական ու նախաքննական մարմինների կողմից առաջ քաշված բոլոր վարկածները ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական գործողություններ։
Մեր այն դիտարկմանը, որ թե՛ մամուլում, և թե՛ Գյումրիում խոսվում է, որ սպանություն կատարած անձը ռուս զինծառայող է, Քննչական կոմիտեից ասացին, որ այդ բոլոր վարկածները ևս դիտարկվում են:
Նշենք, որ մահացած կինն աշխատում էր Գյումրու քաղաքապետարանում, որպես փողոցի մաքրուհի։ Նա լուսաբացին դուրս էր եկել աշխատանքի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):