Համացանցում շարունակում է քննարկվել օրերս Գյումրիում 28-ամյա երիտասարդի կողմից դաժանաբար ծեծի ենթարկված ու սպանված 42-ամյա կնոջ ու նրա 13-ամյա աղջկա թեման։ Թեմայի վերաբերյալ գրառումներ են անում նաև հանրային մարդիկ։ Մասնավորապես, Հանրային խորհրդի բնապահպանական հանձնաժողովի անդամ Աշոտ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ «լիրբ, անուղեղ հավ» անվանելով մահացած կնոջը:

Այս անգամ բուռն քննարկումների առիթ դարձավ Հանրային խորհրդի անդամի գրառումը, ոմանք դա որակեցին բռնության արդարացում։ Գրառման տակ մեկնաբանություն էր թողել նաև Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ Աշոտ Միրզոյանին առաջարկելով ջնջել գրառումը, ինչը անտեսվեց վերջինիս կողմից։ Ավելին՝ Միրզոյանը հարց էր ուղղել Սաֆարյանին․ «Արդյոք ժամանակը չէ՞ Հանրային Խորհրդում քննարկել քաղաքացու բարոյական կոդեքսի ընդունելի նորմերը»։ 
 
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանն ասաց՝ բացարձակապես դատապարտում է նման գրառումները․ «Բնապահպանական հանձնաժողովի նախագահի հետ քննարկում ենք, թե ինչ անենք։ Ես Աշոտ Միրզոյանին ներքին նամակագրություն ուղարկեցի, որին չպատասխանեց։ Ստիպված եղա իր գրառման մեկնաբանություններում գրել, որպեսզի տեսնի։ Ես իրեն խորհուրդ էի տվել ներողություն խնդրել և ջնջել գրառումը,  որովհետև անթույլատրելի, հակաօրինական, հակասահմանադրական և հակաէթիկական է, սակայն, ինչպես հասկացա, իմ հորդորն անտեսեց։ Ինքը գտավ, որ գրառումը պետք է մնա, դա իր իրավունքն է։ Ինքը չի ընդունում, որ պարսավելի արարք է կատարել, մնում է՝ Հանրային խորհուրդը կողնորոշվի, թե ինչ պետք է անի»,- նշեց նա։
 
Հնարավո՞ր է՝ Հանրային խորհրդից հեռացնելու որոշում կայացվի՝ ի պատասխան մեր հարցին Սաֆարյանն ասաց, որ քիչ անց հանդես կգան հաղորդագրությամբ և կներկայացնեն իրենց դիրքորոշումը։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում 28-ամյա Դավիթ Պողոսյանի կողմից դաժան ծեծի էին ենթարկված 42-ամյա կինը մահացել է, իսկ նրա անչափահաս դուստրը շարունակում է գտնվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Կնոջ ընկերը՝ Դավիթ Պողոսյանն ընդունել էր իր կատարած արարքը, նա երեկ՝ մարտի 9-ին կալանավորվեց։