Գյումրիում ռուս զինծառայողի սպանության մեջ կասկածվող անձն ունի հոգեկան որոշ խանգարումներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀքննչական կոմիտեից, որի հաղորդագրության մեջ նշված է. «2017 թվականի ապրիլի 22-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Դուդկոյի 4 հասցեում գործող «Արգո» խանութի մոտ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի դին՝ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, նա հայտնաբերվել է և ձերբակալվել։ Ներկայումս նրա մասնակցությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով։ ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։
Նախնական քննությամբ պարզվել է, որ կասկածյալն ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ։ Մասնավորապես՝ զինվորական ծառայության ընթացքում՝ 2016 թվականի նոյեմբերին, մի քանի անգամ կատարել է ինքնախեղում, և նեղ մասնագիտական հետազոտման նպատակով տեղափոխվել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: Նրա նկատմամբ նշանակվել է ռազմաբժշկական և դատահոգեբուժական ամբուլատոր համալիր փորձաքննություն:
2017թ. մարտի 9-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում ստացվել է թիվ 12 եզրակացությունը, համաձայն որի՝ նրա մոտ փորձաքննության ժամանակ հայտնաբերվել են հոգեկան որոշ խանգարումներ, ճանաչվել է սահմանափակ մեղսունակ և ոչ պիտանի զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ։ Պաշտպանության նախարարի հրամանով 2017 թվականի մարտին նա զորացրվել է:
Նախաքննությունը շարունակվում է, քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջմտած դատավճռով»: