Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի սպանության մեջ կասկածվող նույն զորամասի պայմանագրային զինծառայողն ընդունել է մեղքը: Այս մասին է հայտնում Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

 

«Նախնական տվյալների համաձայն՝ Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Իվան Նովիկովի սպանության պատճառն է դարձել նույն զորամասի զինծառայողի հետ տեղի ունեցած կենցաղային վեճը»,- ասված է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

 

Հունիսի 15-ի առավոտյան Շիրակի մարզային քննչական վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Մայր Հայաստան հուշարձանի մոտակայքում հայտնաբերվել է երիտասարդի դի: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանության դեպքի առթիվ' ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն):