Քանաքեռի սեփական տներից մեկում այսօր՝ նոյեմբերի 11-ին տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվել է 4 անձ, երեք անձ մարմնական տարբեր վնասվածքներով հիվանդանոցում են: Սպանվածներն են քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը և ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանը, ում տանն էլ տեղի է ունեցել դեպքը: Վերջինիս որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը, որը վիրավոր է, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, կասկածվում է Տույի սպանության մեջ։
Վլադիմիր Սիմոնյանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո աշխատել է Երևանի քաղաքապետարանի Կենդանաբանական այգում՝ որպես փոխտնօրեն, այնուհետև՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն ամիսներ առաջ ազատվել էր տնօրենի ԺՊ-ի պաշտոնից՝ փաստաթղթերով տնօրենին ներկայացվող պահանջներին չհամապատասխանելու պատճառով։
Վլադիմիր Սիմոնյանի հայրը՝ Արտուշ Սիմոնյանը, 1998-2001թ-ը եղել է Հայկական ավիաուղիների կոմերցիոն տնօրենը։ 2003թ-ին մեծամասնականով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից ընտրվել էր ԱԺ պատգամավոր: Նա անկուսակցական էր: