2014 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 22-ի սահմաններում ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գուգարք գյուղի բնակիչ Ա.Աշուղյանի տուն գող է մտել եւ անհրաժեշտ է օգնություն։

 

Ահազանգի հետքերով անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը, որը տան ննջասենյակներից մեկում՝ հատակին, հայտնաբերել է նույն տան բնակչուհի Հ.Աշուղյանի դիակը՝ պարանոցի շրջանում կտրած վերքերով։ Իսկ վերջինիս եղբորորդին՝ Ր.Աշուղյանը, կրծքավանդակի ձախ կեսում ստացած մարմնական վնասվածքով, դեպքի վայրից տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։

 

Դեպքի առթիվ Գուգարքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի եւ 112-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։

 

Քննությամբ եւ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ապացույցներ են ձեռք բերվել՝ սուր ծակող-կտրող գործիքի միջոցով Աշուղյաններին հարվածներ հասցրած անձի ինքնության վերաբերյալ, ով սեպտեմբերի 19-ին հայտնաբերվել է Գուգարք գյուղի ավագ դպրոցի նկուղի աստիճաններին՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքերով, եւ տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն։

 

Վերջինս, ինչպես նաեւ Ր.Աշուղյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում՝ ոստիկանության աշխատակիցների հսկողության ներքո։

 

Նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին.

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: