«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը գերմանական արտադրության երկու պրոֆեսիոնալ սքաներ է նվիրաբերել Հայաստանի ազգային արխիվին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին արխիվային փաստաթղթերի և նյութերի թվայնացման գործընթացն ավելի արագացնելու նպատակով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի հանրայի կապերի բաժնից, IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գևորգյանը կարևոր է համարել ժամանակակից տեխնիկայով արխիվների վերազինումը: «Արխիվային փաստաթղթերի թվայնացումը և հետազոտողներին որակյալ, ժամանակակից պահանջներին համապատասխան արխիվային ծառայությունների մատուցումը խիստ կարևոր է:

 

Ուրախ ենք, որ մեր ներդրումը կարող ենք ունենալ այդ գործում և շարունակելու ենք օժանդակել հատկապես Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվային փաստաթղթերի թվայնացմանը»,-նշել է հիմնադրամի գլխավոր տնօրենը:

 

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին' իրենց համար խիստ անհրաժեշտ սարքերի նվիրաբերության համար: «Հայաստանի ազգային արխիվն ունի բարեկամներ, որոնք օգնում են վերազինման հարցում:

 

Մենք ունեինք ընդամենը երկու թվայնացման սարք, IDeA հիմնադրամից այսօր ստանում ենք ևս երկուսը, ինչը հնարավորություն կտա կրկնապատկել արխիվային փաստաթղթերի թվայնացման աշխատանքների ծավալը: Հուսով եմ, որ 2015 թվականին կկարողանանք երկու անգամ ավելի շատ նյութեր թվայն ացնել և հասարակությանն ու հետազոտողներին մեր ժողովրդի պատմության մասին անհրաժեշտ տեղեկություններ տրամադրել»,-ասել է Ամատունի Վիրաբյանը: