Վերջին 4 օրում միայն Բաքվում 5 ինքնասպանության փորձ են տեղի ունեցել, որոնցից 3-ը' մահվան ելքով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ այսօր առավոտյան ժամը 11:42-ին Բաքվի «Կույսի աշտարակից» նետվելով' ինքնասպանություն է գործել 53-ամյա քաղաքացի Շիրասլան Ռահիմովը: Նրա' այդ քայլին դիմելու պատճառը հայտնի չէ: Դեկտեմբերի 24-ին նետվելով ինքնասպանություն էր գործել Բաքվի եւս մեկ բնակիչ' 31-ամյա Յուրի Պիրշաեւը:
Այսօր Բաքվում «Ինքնասպանությունների կամուրջ» անվանված կամուրջից փորձել է նետվել 27-ամյա Խայալ Մասիմովը: Ոստիկաններին հաջողվել է նրան համոզել հետ կանգնել այդ մտքից: Այս օրերին այդ կամրջի վրա ոստիկաններին հաջողվել է կանխել եւս մեկ ինքնասպանության փորձ: Ուշագրավ է, որ չնայած ոստիկանները հսկում են կամրջի մուտքերը, սակայն, ինքնասպանության մտադրված քաղաքացիներին, այդուհանդերձ, հաջողվում է բարձրանալ այդ կամրջի վրա:
Այսօր առավոտյան Բաքվի Բաքիխանով փողոցի կամրջից նետվել է Բաքվի 27-ամյա բնակչուհի Սեւինջ Ասադովան: Ս. Ասադովան ծանր վիճակում տեղափոխվել է Բաքվի կլինիկական հիվանդանոց, սակայն, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կայնքը:
Այս տարվա ընթացքում «Ինքնասպանությունների կամրջի» վրա ինքնասպանության 9 փորձ է կատարվել, որոնցից 5-ն ավարտվել են մահվամբ: Ինքնասպանությունների հիմնական պատճառներն Ադրբեջանում սոցիալական անտանելի խնդիրներն են:
Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալների համաձայն' 2014 թ. այդ երկրում արդեն 235 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 16-ը անչափահասներ են եղել:14 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում:
Ադրբեջանում այս տարվա ընթացքում ինքնահրկիզման են դիմել արդեն 13 քաղաքացի, որոնցից 7-ը' ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքները իշխանություններից կողմից խախտվելու, իրենցից կաշառք պահանջվելու եւ այլ պատճառներով: