Բաքվի «Քորողլի» մետրոյի կայարանի մոտ գտնվող կամուրջից նետվելով ինքնասպանության դիմողների թվի աճի պատճառով ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն է սահմանել կամուրջի շուրջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական faktxeber.com լրատվական կայքը:

 

Կամուրջի բոլոր կողմերում, որը Բաքվում հայտնի է որպես «ինքնասպանությունների կամուրջ», երեկվանից հերթապահություն են կատարում ոստիկանության նվազագույնը երկու ավտոմեքենա:

 

Վերջին շրջանում այդ կամուրջի «օգնությանն» է սկսել դիմել խնդիր ունեցող քաղաքացիների մեծ մասը: Այս տարվա սկզբին կամուրջը շահագործման հանձնելուց հետո արդեն այնտեղից ցած նետվելով ինքնասպանություն են գործել 10-ից ավելի քաղաքացիներ: Իրավապահներին հաջողվել է կանխել միայն երկու քաղաքացիների ինքնասպանության փորձը:

 

Կամուրջից ինքնասպանությունները սկսվել են այս տարվա հունվարին 27-ամյա Ռաֆայել Հումբաթովի ցած նետվելուց հետո: Չնայած նրան հիվանդանոց էին տեղափոխել, սակայն, նրա կյանքը փրկել չէր հաջողվել:

 

Հոգեբանները դա կապում են մարդկանց մշտական' ամենօրյա խնդիրների հետ: Հոգեբան Էլնուր Ռուստամովը կայքին հայտնել է, որ ինքնասպանության համար մարդիկ հենց այդ կամուրջն են ընտրում իրենց խնդիրներին հասարակության եւ պետության ուշադրությունը գրավելու համար:

 

Ադրբեջանում ինքնասպանությունների պետական վիճակագրություն չի անցկացվում, սակայն, զանգվածային լրատվական միջոցների կողմից անցկացված վիճակագրական տվյալներով' 2013 թվականին Ադրբեջանում տեղի է ունեցել 535 ինքնասպանության դեպք, իսկ այս տարվա առաջին կեսին արդեն 260 դեպք, որից 223-ը' մահվան ելքով: Նախորդ տարիների վիճակագրության համաձայն' 2008 թվականին գրանցվել է 138, 2009 թվականին' 165, 2010 թվականին' 289, 2011 թվականին' 414, 2012 թվականին' 482 ինքնասպանության դեպք:

 

2014 թվականի դեկտեմբերի 10-ին Ադրբեջանում տեղի է ունեցել զանգվածային ինքնասպանության փորձի առաջին դեպքը: 19-29 տարեկան 6 շինարարներ, բարձրանալով 12 հարկանի նորակառույց շենքի տանիք, սպառնացել են ցած նետվել, եթե չբավարարվի չվճարված աշխատավարձը ստանալու մասին իրենց պահանջը:

 

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների հետ բանակցություններից եւ շինարարական ընկերության ղեկավարության հավաստիացումները ստանալուց հետո բանվորները լքել են շենքը:

 

2014 թ-ին Ադրբեջանում ինքնասպանություն կատարածներից 15-ն անչափահասներ են եղել:13 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում: Ադրբեջանում այս տարվա ընթացքում ինքնահրկիզման են դիմել արդեն 13 քաղաքացիներ, որոնցից 7-ը' ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքները իշխանություններից կողմից խախտվելու, կաշառք պահանջվելու եւ այլ պատճառներով: