«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը իր ցավակցությունն է հայտնել Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ: «Վահան Հովհաննիսյանի ընտանիքին իմ խորին ցավակցությունն եմ հայտնում' Գերմանիայում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան, Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ, անզուգական ընկեր ու մտավորական Վահան Հովհաննիսյաինի անժամանակ մահվան կապակցությամբ:
Գույժը ցնցող էր ու անսփոփելի, ազգը կորցրեց իր լավագույն զավակներից մեկին' պետական, հասարակական, քաղաքական ականավոր գործչին, փայլուն հռետորին, ում խոսքն այնպես բուռն էր համակում մարդկանց մտքերն ու այնպես ուժգին ալիքվում նրանց հոգիներում: Մեզնից հեռացավ կուսակցական շինարարության փորձառու գաղափարախոսն ու Արցախյան գոյապայքարի աննկուն մարտիկը, հայրենասեր պատմաբանն ու խորաթափանց դիվանագետը:
Տևապես անլրացնելի կմնա հայոց կենսոլորտի այն խորշը, որ դատարկվեց իր վաղաժամ մահով: Նա գնաց խառնվելու անմահությանը և հավերժանելու երախտապատ սերունդների սրտերում: Վշակցաբար' Րաֆֆի Հովհաննիսյան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը: