Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան նախատոնական ու տոնական օրերին ոստիկանության ստորաբաժանումները արտակարգ ռեժիմի շուրջօրյա ծառայություն կիրականացնեն հանրապետության ողջ տարածքում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից, դեկտեմբերի 30-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է մայրաքաղաքում պարեկային ծառայության անցնող վերակարգերի ստուգատեսը, որին մասնակցում էին նաև ոստիկանության բարձրաստիճան սպաներ:

 

Երևանի կայազորի, Ճանապարհային ոստիկանության, Պետական պահպանության գլխավոր վարչության և այլ ստորաբաժանումների պարեկախմբերին Վլադիմիր Գասպարյանը տվել է կոնկրետ հրահանգներ: Արտակարգ ռեժիմի ծառայությամբ նախատեսված է պ արեկախմբերի շուրջօրյա հերթափոխումով հասարակական կարգի խստագույն վերահսկում, քաղաքացիների և հանրապետության հյուրերի անվտանգության ապահովում հանրային միջոցառումների և զվարճանքի վայրերում, մշակութային հաստատությունների տարածքում, Ամանորի հանդիսությունների համար նախատեսված համայնքային հատվածներում:

 

Արտակարգ միջոցառումներ են իրականացվելու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ: Հատկապես ոգելից խմիչք օգտագործած վարորդների նկատմամբ ճանապարհային ոստիկանության վերաբերմունքը կլինի առանձնակի խիստ, իսկ նրանց ուղևորների հանդեպ՝ մարդասիրական. քաղաքացիներին տեղ կհասցնեն ոստիկանները, մեքենան կտարվի հատուկ պահպանման տարածք, իսկ օրինախախտը կենթարկվի պատասխանատվության:

 

Ոստիկանությունը համոզված է, որ տոնական օրերին քաղաքացիները կդրսևորեն բարձր իրավագիտակցություն, կպահպանեն համակեցության կանոնները և որևէ օր նախախտմամբ չեն փչացնի իրենց և ուրիշների տոնը: Ոստիկանությունը հավաստիացնում է, որ արտակարգ ռեժիմի ծառայության ընթացքում կարվի առավելագույնը անցանկալի միջադեպերը բացառելու համար և ակնկալում է քաղաքացիների աջակցությունը: