Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած տոնական միջոցառումների ծրագրով հունվարի 6-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան տոնին նվիրված մեծ հանդիսություն: Միջոցառման մեկնարկին Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ Սրբազանի օրհնության խոսքն է փոխանցել ներկաներին, ինչպես նաև ներկայացրել Սուրբ Ծննդյան խորհուրդը: Հրապարակում հավաքված երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին օրվա խորհրդով ողջունել են ինչպես անհատ կատարողներ, այնպես էլ ազգագրական, ժողովրդական երգի ու պարի «Կարին», «Մարաթուկ» և այլ սիրված համույթներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ներկաները նշել են, որ Երևանի քաղաքապետարանի կողմից ավանդաբար անցկացվող այս միջոցառումները ոչ միայն տոնական տրամադրություն են ապահովում, այլ նաև հատկապես մատաղ սերնդի հոգևոր և ազգային հայրենասիրական դաստիարակության բարձրացման առումով մեծ նշանակություն ունեն: