ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 7-ին ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Փարիզում «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչության կապակցությամբ, որը տասներկու անմեղ մարդկային զոհերի և մի շարք վիրավորների պատճառ է դարձել:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում ասվում է. «Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և վերահաստատում մեր հանձնառությունը հետևողականորեն շարունակելու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ:

 

Վշտի ու կորստի այս ծանր պահին Հայաստանն ու հայ ժողովուրդը Ձեզ հետ են, ֆրանսիացի բարեկամ ժողովրդի կողքին։ Մեր անկեղծ զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մերձավորներին՝ մաղթելով նրանց տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ արագ ապաքինում:

 

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»: