Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի բյուրոն հանդես է եկել հայտարարությամբ, որում խստորեն դատապարտել է «Շառլի Էբդո» պարբերականի դեմ իրականացրած ահաբեկչությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», հայտարարությունում ասված է. «Խստորեն դատապարտում ենք Փարիզում «Շառլի Էբդո» պարբերականի խմբագրության նկատմամբ իրականացվա ծ անմարդկային ահաբեկչական գործողությունը, որն ուղղված է ազատ խոսքի դեմ և նպատակ ունի խլացնել մարդու ազատ արտահայտվելու իրավունքը: Մարդկային բազմաթիվ կյանքեր խլած ատելության ու անհանդուրժողականության նման դրսևորումները մեզ համար մերժելի են և չունեն ոչ մի արդարացում:
Վշտի այս ծանր պահին կիսում ենք մեր գործընկերների և բոլոր զոհվածների հարազատների ցավը, «Շառլի Էբդո» պարբերականի մեր գործընկերներին հայտնում ենք մեր զորակցության, իսկ Ֆրանսիայի ժողովրդին՝ մեր համերաշխության մասին»,- նշված է կազմակերպության նախագահ, «Արմենպրես» գործակալության տնօրեն, Արամ Անանյանի հրապարակած հայտարարությունում:
Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիան (ՄԱԼԳԱ), որի նախագահությունը 2015թ. իրականացնում է «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, միջազգային ոչ առևտրային կազմակերպություն է, որը միավորում է Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ջանքերը նրանց տեղեկատվական ռեսուրսները արդյունավետորեն օգտագործելու, իրենց պետությունների քաղաքական, տնտեսական, գիտական ու մշակութային կյանքի կարևորագույն հարցերի շուրջ տեղեկատվության ազատ ու իրավահավասար փոխանակման, Սևծո վյան տնտեսական համագործակցության կազմակերպության մասնակից երկրների տարածքում տեղեկատվության տարածման համար:
Միջազգային այս կազմակերպության անդամ են ATA-ն (Ալբանիա), «Արմենպրես»-ը (Հայաստան), «Ազերթաջ»-ը (Ադրբեջան), BTA-ն (Բուլղարիա), GHN-ը (Վրաստան), «Մոլդպրես»-ը (Մոլդովա),ՏԱՍՍ-ը (Ռուսաստան), «AGERPRES»-ը (Ռումինիա), ՏԱՆՅՈՒԳ-ը (Սերբիա), ANA-ն (Հունաստան), «Անադոլուն» (Թուրքիա), «Ուկրինֆորմ»-ը (Ուկրաինա), HINA-ն (Խորվաթիա), MIA-ն(Մակեդոնիա), CNА (Կիպրոս):
Հունվարի 7-ի առավոտյան, երեք ահաբեկիչ ներխուժել էր Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրության շենք և կրակ էր բացել այնտեղ գտնվող մարդկանց վրա, որի հետևանքով զոհվել է 12 մարդ, ևս 11-ը վիրավորվել է: