Հայաստանը միջազգային կառույցներում քվեարկությունների ժամանակ առաջնորդվում է իր ազգային շահերով՝ հաշվի առնելով ներկայացված բանաձևերի բովանդակությունը: ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունների վերաբերյալ «Ամերիկայի ձայնի» վերլուծությանն ու դրան հաջորդած՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի հրապարակմանը:
«ՀՀ-ն քվեարկում է՝ ելնելով իր ազգային շահերից՝ հաշվի առնելով ներկայացված բանաձևերի բովանդակությունը, նախապատմությունը, քննարկման ընթացքը, այլ ոչ թե այլ երկրների հաճոյանալու ցանկությունից։ Ավելին, «Ամերիկայի ձայնի» վերլուծությունը հիմնվում է վերլուծական աղյուսակների մեթոդի վրա, որն ինքնին թերի է, հաշվի չի առնում ձեռնպահ քվեն, ինչը քվեարկությունների մեջ մեծ տոկոս է կազմում»,- նշում է Նաղդալյանը:
«Հայաստանը ՄԱԿ-ում քվեարկում է ՌԴ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ. ո՞վ կբացատրի' այս ի՞նչ «խցանում է» վերտառությամբ հրապարակման մեջ Բաբաջանյանը նշում է. « Թեև արտաքին քաղաքականության, դրա արդյունավետության գնահատման կոնկրետ, թվային ցուցանիշներ չկան, այդուհանդերձ կան անուղղակի չափանիշներ, որոնք հնարավորություն են տալիս գնահատել դիվանագիտության օգտակար գործողության գործակիցը:
Այդ չափանիշներից են օրինակ, ՄԱԿ-ում քվեարկությունների ցուցանիշները: «Ամերիկայի Ձայնը» ներկայացրել է անցած մեկ տարվա ընթացքում ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունների պատկերը, որն այլ կերպ, քան խայտառակություն, դժվար է որակել: Բավական է նշել, որ ՄԱԿ-ում 114 բանաձևերի շուրջ քվեարկություններում Հայաստանի դիրքորոշումը ավելի շատ համընկել է Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, քան ԱՄՆ-ի դիրքորոշման հետ:
Այսպես, 114 բանաձևերից Հայաստանն ու Ադրբեջանը նույն կերպ են քվեարկել 76-ին, հակառակ կերպ՝ ընդամենը 2-ին: Հայաստանն ու Վրաստանը նույն կերպ են քվեարկել 75 բանաձևերի, հակառակը՝ 10-ի: Հայաստանն ու Թուրքիան համանման քվեարկություն են կատարել 114 բանաձևերից 69-ի դեպքում, հակառակը՝ ընդամենը 9-ի:
Ռուսաստանի հետ Հայաստանի քվեարկությունների համընկնումը 77 է, իսկ երկու երկրները հակառակ կերպ են քվեարկել ընդամենը 5 բանաձևի: Եվ վերջապես ԱՄՆ-ի հետ Հայաստանի դիրքորոշումները ՄԱԿ-ում համընկել են ընդամենը 17 բանաձևերի դեպքում, և հակառակ կերպ են եղել 59 բանաձևերի առնչությամբ:
Սա Հայաստանի արտաքին քաղաքականության, մեր դիվանագիտության խտացված պատկերն է, քանի որ ՄԱԿ-ում պետության դիրքորոշումները խարսխվում են արտաքին քաղաքականության ուղենիշների ու առաջնահերթությունների վրա: Եվ ահա մեր առաջնահերթությունները ավելի շատ նույնական են Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, քան ԱՄՆ-ի հետ»: