Հայաստանի իշխանությունները՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, քայլեր են ձեռնարկում' ելնելով բացառապես մեր ազգային շահերից՝ լավագույնս ապահովելու Հայաստանի Հանրապետության անվտանգու­թյունն ու կայուն զարգացումը: «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի բացմանն այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չկարգավոր­ված: Ադրբեջանը վարում է ռազմատենչ քաղաքակա­նու­թյուն՝ սանձազերծելով նավթային դոլարներով սնուցվող սպառազինության մրցավազք: Թուրքիան, իր հերթին, խիստ կողմնակալ կեցվածք է դրսևորում և շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը: Մյուս կողմից, Վրաստանի հարաբերու­թյուն­ները Ռուսաստանի հետ ևս չեն նպաստում տարածաշրջանի կայունությանը և թույլ չեն տալիս մեզ լիարժեք կերպով օգտագործել տրանզիտի ու արտաքին տնտեսական համագործակցության հնարավորու­թյուն­ները»,-ասաց Աբրահամյանը:

 

Վարչապետի խոսքով՝ այս բոլոր գործոնները ստիպում են Հայաստանի իշխանություններին արտաքին քաղաքա­կանության մեջ լինել ճկուն և շրջահայաց:

 

Երևանում մեկնարկած «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի բացմանը ներկա էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը, Հայ Կաթողիկէ Եկեղեցու Հայոց Պատրիարք Տեր Ներսես Պետրոս 19-րդը, Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհրդի նախագահ վերապատվելի Հովել Միքայելյանը, ՀՀ կառավարության անդամներն ու Սփյուռքի 690-ից ավելի կառույցների ներկայացուցիչներ: