ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն արձագանքել է վերջին օրերին մամուլում շրջանառվող այն լուրերին, թե այս օրերին Հայաստան են գալիս «օրենքով գողեր» ու քրեական հեղինակություններ:
«Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է շրջանա ռվում, թե այս օրերին Հայաստան են գալիս, այսպես կոչված, «օրենքով գողեր» ու քրեական հեղինակություններ: Տեղեկատվությանը նաև հասարակական հնչեղություն է տրվում՝ որպես մեղադրանք ներկայացվելով իրավապահ մարմիններին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Աշոտ Ահարոնյանը նշել է, որ օպերատիվ իրավիճակը վերահսկվում է և իրավապահ մարմիններին մեղադրողները, սակայն, չիմացությամբ թե գիտակցաբար, գլխիվայր շրջում են իրողությունները: «Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին հազարավոր մարդիկ են այցելում Հայաստան, որը բաց երկիր է, և որտեղ օրենսդրորեն պաշտպանված է մարդու ազատ տեղաշարժի իրավունքը:
Եվ եթե Հայաստանի հյուրը հետախուզման մեջ չէ կամ քրեորեն հետապնդելի արարք չի կատարել արդեն մեր երկրում, օգտվում է օրենսդրությամբ նախատեսված իր բոլոր իրավունքներից»,-ընդգծել է նա:
Ավելի վաղ, մի շարք հայկական ԶԼՄ-ներ լուրեր էին տարածել, որ Ծաղկաձորում տեղի է ունենում «օրենքով գողերի» մեծ հավաք։