Բեռլինում կայացել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:

 

Քաղաքական գործիչներն առանցքային ուշադրություն են հատկացրել Ուկրաինայում բարեփոխումների իրականացմանը, վերջինիս ֆինանսական և տնտեսական իրավիճակին, միջազգային, տնտեսական, ներդրումային և էներգետիկայի ոլորտներում համագործակցությանը և Դոնբասի զարգացումներին:

 

Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինան չի ստանում ֆինանսական աջակցություն անվերադարձ պայմանով: Նա ընդգծել է, որ Ուկրաինայի կառավարությունը դավանում է թափանցիկության սկզբունքը և պատրաստ է տրամադրել ամբողջական տեղեկատվություն այն մասին, թե որտեղ են կիրառվում միջոցները:

 

Յացենյուկը հայտարարել է, որ Ռուսաստանը «որոշել է գրավել ու ապօրինաբար զավթել Ղրիմը և Ուկրաինայի արևելյան շրջանները»:

 

Նա նշել է, որ Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը միայն Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև չէ. «Դա գլոբալ խնդիր է: Մենք պայքարում ենք սեփական անկախության, ազատության, մեր երկրի և հողի համար»:

 

«Մենք պետք է միասնաբար պայքարենք ահաբեկչության դեմ»,- ասել է Յացենյուկը:

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցների փուլային վերացումն անհնար է: