ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ' Ավստրալիայի քաղաքացի Գայե Ջոշարիին Երևանում վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ:
2014թ. դեկտեմբերի 26-ին' ժամը 05:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում' թիվ 42 Ա շենքի դիմաց, վրաերթի է ենթարկվել հետիոտն' Ավստրալիայի քաղաքացի Գայե Ջոշարին, և մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ:
2015թվականի հունվարի 5-ին հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով և 244-րդ հոդվածով: Կատարվում է նախաքննություն:
2015 թվականին հունվարի 7-ին վարույթն իրականացնող մարմինը տեղեկություն է ստացել, որ նույն օրը' ժամը 01:30-ի սահմաններում, Գայե Ջոշարը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում գիտակցության չգալով, մահացել է: Նույն օրը նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է վրաերթ կատարած վարորդի ինքնությունը: Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնին' վարորդին և վրաերթ կատարած ավտոմեքենան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացուն մինչ վրաերթի պահն ընկերակցած անձինք:
ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ: