Խորվաթիայի գործող նախագահ, 57-ամյա սոցիալ-դեմոկրատ Իվո Յոսիպովիչը պարտություն է կրել երկրի ղեկավարի հերթական ընտրություններում: Նախագահի պաշտոնում ընտրվել է 46-ամյա ընդդիմադիր Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Պետական ընտրական հանձնաժողովի հայտարարած արդյունքների համաձայն՝ Գրաբար-Կիտարովիչը կիրակի օրն անցկացրած ընտրությունների երկրորդ փուլում հավաքել է ձայների 50,43%-ը, Յոսիպովիչը՝ 49.57%-ը:
Ներկայիս նախագահական ընտրությունները Խորվաթիայի պատմության մեջ եղել են ամենաանկանխատեսելին. թեկնածուների միջև տարբերությունը եղել է մոտ 20 000 ձայն, իսկ քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ առաջատարը պարբերաբար փոխվել է:
Այսպիսով՝ Խորվաթիան 1991-ին անկախանալուց ի վեր պատմության մեջ առաջին անգամ կին կգլխավորի: