Ինչպես արդեն հայտնել ենք, հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ։
Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Պատարագի սրբազան արարողության ընթացքում Վրթանես Սրբազանն իր քարոզում անդրադարձավ նաև Արցախի կորուստին։
«Տասնամյակներ շարունակ իր անկախության համար մաքառող Արցախը, պատմության մեջ առաջին անգամ ենթարկվեց ամբողջական հայաթափման։ Ադրբեջանի կողմից հատուկ նպատակով իրագործված իննամսյա շրջափակման և մարդասիրական ճգնաժամի հետևանքով հյուծված մեր ժողովուրդը հերոսական դիմադրություն ցույց տվեց նաև ռազմի դաշտում. ցավոք ուժերն անհավասար էին, իսկ Արցախը մենակ»,-նշեց պատարագիչ Սրբազանը՝ ցավն ի սիրտ արձանագրելով, որ այս տարի տասնյակ հազարավոր արցախցի հայորդիներ առաջին անգամ ամանօրյա և Սուրբ Ծննդյան տոները պիտի դիմավորեն իրենց փայփայած օջախներից հեռու։