Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 11-ին Վատիկանում պատմության մեջ առաջին անգամ ավանդական ընդհանուր ունկնդրությունն անցկացրել է Համացանցում ուղիղ հեռարձակման միջոցով՝ կորոնավիրուսով վարակման վտանգի կանխման նպատակով։ Առաքելական պալատի գրադարանից քահանայապետի ելույթի տեսահեռարձակումը վարել է Սուրբ աթոռի Vatican News տեղեկատվական պորտալը:
Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը զորակցություն է հայտնել կորոնավիրուսի համաճարակի ընթացքում բոլոր հիվանդացածներին և սրտանց շնորհակալություն է հայտնել բոլոր բժիշկներին, ամբողջ բժշկական անձնակազմին, ինչպես նաև կամավորներին, որոնք այդքան ծանր պահին օգնում են մարդկանց պայքարելու հիվանդության դեմ: Միաժամանակ Ֆրանցիսկոս պապը վերստին առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել Սիրիայի զինված հակամարտության ծանր հետևանքների վրա: «Չէի ցանկանա, որ այդ ցավը, այդ համաճարակը մեզ հարկադրեր մոռանալ դժբախտ սիրիացիներին, որոնք տառապում են Հունաստանի և Թուրքիայի միջև սահմանին»,- ասել է նա։