Հունվարի 12-ին, ժամը 12.30-ին շտապ բուժօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը կան հրազենային վնասվածքից մահացածներ:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է , որ անհայտ անձը ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանել է նշված տան բնակիչներ՝ 1961 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանին, 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանին, 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանին, 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանին, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանին, Հասմիկ Ավետիսյանին /ծննդյան թիվը ճշտվում է/:

 

2014 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ անմիջապես ստեղծվել է օպերատիվ խումբ՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի գլխավորությամբ, որը մեկնել է Գյումրի:

 

Գյումրիում աշխատում են ոստիկանության տարբեր ծառայությունների բարձրաստիճան սպաներից ձևավորված օպերատիվ խմբեր, հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողներ:

 

Իրականացվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական փնտրողական համալիր միջոցառումներ:

 

Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:

 

Հանցագործության բացահայտմանն ուղղված աշխատանքների ընթացքի մասին կտեղեկացնենք լրացուցիչ: