Շիրակի մարզպետը հունվարի 15-ին Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանի մոտ տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկանների գործողությունները համարժեք ու շատ մեղմ է գնահատում: Ինչի արդյունքում վիրավորվածների մեծ մասը եղել են ոստիկաններ, որոնց թիվն, ի դեպ, այսօր արդեն ավելացել է՝ հունվարի 15-ին տեղի ունեցած միջադեպի պատճառով տարբեր վնասվածքներ են ստացել 33-ը:

 

Այս մասին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը լրագրողներին հայտնեց հունվարի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ: Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք այս թիվը համապատասխանում է իրականությանը, քանի որ վերջին տեղեկությունների համաձայն բուժօգնության նպատակով հիվանդանոց էին դիմել 28 տուժած, նրանցից 18-ը' ոստիկան: «Հայտարարված 28 թիվն այսօր արդեն 33 է դարձել: Նրանցից 10 քաղաքացիական անձինք են, մյուսները' ոստիկան: Այս թիվը փոփոխվեց, քանի որ ոստիկանների մի մասն ավելի թեթև վնասվածք էր ստացել և ժամանակին չէր դիմել բժշկական օգնության»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

 

Խոսելով ստեղծված իրավիճակի և գյումրեցիների՝ մեղավորին արդար դատավճռի և հայկական կողմի իրավապահներին հանձնելու պահանջի մասին' մարզպետը նշեց, որ ինքը պահանջին կողմ է, բայց դեմ է պահանջն այդպես արտահայտելուն: «Կողմ լինելով խաղաղ ցույցին և պահանջներից շատերին, որ ցուցարարները դնում են, ես դեմ եմ բոլոր տեսակի ծայրահեղություններին: Մի ճիվաղը չի կարող սեպ խրել այն հարաբերությունների մեջ, որ կա երկու երկրների միջև: Լրատվամիջոցների որոշ մասն էլ փորձ արեց առաջ ընկնել և մեղավորներ փնտրել: Սա նույնպես տհաճ էր, և դրա ժամանակը չէր՝ մեղավոր ենք բոլորս, ոչ անհատ մարդիկ՝ ամեն մեկն իր չափով ու արածով»,-նշեց մարզպետը՝ տեղեկացնելով, որ ռուսական կայազորի և սահմանապահ ջոկատի հետ կապն եղել է ու կա և օպերատիվ կերպով ողջ ինֆորմացիան փոխանցվել և բոլոր պահանջների մասին ևս տեղեկացվել է հանրապետության ղեկավարությանը:

 

«Ես չեմ խոսի այն մասին, թե ինչ հետևանքներ կարող էր ունենալ ռազմաբազայի հետ կապված միջադեպը և ինչ հետևանք կարող է ունենալ ռազմաբազայի հետ հարցեր պարզելը: Ես ոչ մեկին չեմ ահաբեկում ու վախեցնում, այլ օբյեկտիվ եմ դատում: Ես ցավ եմ ապրում յուրաքանչյուր գյումրեցու հետ, բայց այսօր զգացմունքերի օր չէ, այսօր սառը դատելու, խելացի մոտենալու օր է: Նորից հավասարակշռվածության կոչ եմ անում, չի կարելի զոհ գնալ զգացմունքերին»,- նշեց մարզպետը' տեղեկացնելով, որ այս ընթացքում ռուսական ռազմաբազային եղել են զգոնության զգուշացումներ: «Մենք աշխատում ենք ռազմաբազայի, ՌԴ հյուպատոսարանի հետ և մեր բնակչության հետ: Ես հույսս դնում եմ գյումրեցիների սառը դատողության, խելամտության վրա: Այո՛, ես կողմ եմ գյումրեցիների պահանջին և միանում եմ դրան՝ մենք դատավարությունն անենք, արդար դատավճիռ, բայց դա պետք է արվի խելամտորեն: Այսօր դեպքի առթիվ շատ վարկածներ են շրջանառվում, սակայն ճշմարտությունը կբացահայտի քննությունը: Ինչքան Գյումրիից հեռու են վարկածները ներկայացնողները, այնքան ավելի «ֆանտաստիկ» են դրանք: Ես հանցագործությունն ավելի պարզ եմ տեսնում: Շատ ցավոտ բան է տեղի ունեցել, բայց պետք չէ, որ թույլ տանք որ ինչ-որ մեկը այս դեպքի շնորհիվ դիվիդենտ շահի»,- ավելացրեց մարզպետը:

 

Ասուլիսի ընթացքում մարզպետին զանգահարեցին 102-րդ ռազմամաբազայի հրամանատարությունից և նշեցին, որ բազայի տարածքում իրականացվել է դրամահավաք և ուզում են դրամական օգնություն ցուցաբերել ընտանիքին: Մարզպետը, լրատվամիջոցների ներկայությամբ նշեց, որ դրա կարիքը չկա:

 

 

Արմենուհի Մխոյան