Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարի հարցում Տրանսպորտի և կապի նախարարությունը որևէ մեղք չունի: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը:

 

«Վերջին երկու տարիներին ճանապարհի այդ հատվածում վթար չէր եղել, Հոռոմի խաչմերուկ կոչվող այդ տարածքից բավական հեռու վերջին երեք տարիներին երկու վթար էր արձանագրվել»,- «Արմենպրրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը՝ պատասխանելով ճանապարհի այդ հատվածի վտանգավոր լինելու վերաբերյալ հարցին:

 

 

Նա ընդգծեց, որ արդեն երկու տարի է' իրենք հանձնաժողով են ստեղծել, և հանրապետության այն տարածքներում, որտեղ հաճախակի ավտովթարներ են լինում, ուսումնասիրություն են անցկացնում, իսկ Հոռոմի խաչմերուկը, որտեղ տեղի է ունեցել վթարը, այդ վտանգավոր տեղերի ցանկում չէ:

 

 

Գագիկ Բեգլարյանը նշեց, որ լրագրողներն իրեն ստիպում են հայտարարել, որ Տրանսպորտի և կապի նախարարությունն այդ վթարի հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի: «Յուրաքանչյուր անբարեխիղճ վարորդի վարքագծից ելնելով կայացած վթարների համար Տրանսպորտի և կապի նախարարությունը պատասխան չի տալիս:

 

Ընդհանրապես եմ ասում, այս դեպքի հետ կապված ուսումնասիրությունները շարունակվում են: Տրանսպորտի և կապի նախարարության ուսումնասիրությունների համաձայն՝ բոլոր նշանները, որոնք մենք տեղադրում ենք ճանապարհային ոստիկանության հետ, այդ տարածքում տեղադրված են»,- նկատեց Բեգլարյանը:

 

 

Հարցին, թե այդ դեպքում ո՞ր պետական մարմինն է մեղավոր, որ հանրապետության ավտոճանապարհների մի մասն անբարեկարգ են, չեն լուսավորվում և այդ պատճառով վթարներ են լինում, Բեգլարյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ եք դուք վերցնում, որ որևիցե մի նախարարություն վթարի հետ կապված մեղավոր է: Ես այս դեպքի համար չեմ ասում. եթե մի խմած վարորդ մի տեղ վթարի է ենթարկվում, ինչ-որ մի նախարարությո՞ւն է մեղավոր»:

 

 

Նախարարը նշեց, որ հնարավոր չէ լուսավորել բոլոր մարզային ճանապարհները, քանի որ Հայաստանն այդ միջոցները չունի:

Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Շիրակի մարզում ավտովթարի զոհերի հիշատակը:

 

 

Նոյեմբերի 10-ի երեկոյան, ժամը 19:15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի' Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «ԳԱԶելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «ԳԱԶելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել է, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։

 

Վիրավորների թվում կա նաեւ 14 տարեկան երեխա, որի վիճակը գնահատվում է ծանր։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությո ւնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «ԳԱԶելին» բախված «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ. Վարդանյանը, ձերբակալված է: