Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանության առնչությամբ անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել: Հասարակական վայրերում, դպրոցներում խստացվել է հսկողությունը, սահմանափակվել ելումուտը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը դեպքի վայրից:

 

Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում հունվարի 12-ին հայտնաբերվել է վեց դի' հրազենային վնասվածքներով: Դեպքի վայրում են նաեւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, փոխքաղաքապետը' Ռուբեն Սանոյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալը, նաեւ Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին:

 

Որոշ տեղեկություններով'սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձին տեսել են Ալեք Մանուկյան կամրջի տակ գտնվող սեփական տներից մեկի տանիքին: Բնակիչներն ահազանգել են, որից հետո տարածքը խուզարկվում է:

 

Գյումրիում վեց անձի սպանության փաստով հարուցվել է քրեական գործ' ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդված երկրորդ մասի հատկանիշներով: Պարզվել է Գյումրիում կատարված սպանության բոլոր զոհերի ինքնությունը. մահացել են Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (ընտանիքի հայրը), Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (ընտանիքի մայրը), Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (նրանց որդին), Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (ընտանիքի հարսը), Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (դուստրը), Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2 տարեկան երեխա): Ընտանիքի յոթերորդ անդամը' վեցից ութ ամսական Սերյաժա Արմենի Ավետիսյանը հիվանդանոցում է:

 

«Դեպքի վայրում կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, որի արդյունքում հայտնաբերվել են զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է Պերմյակով ազգանունը: Միջոցառումներ են ձեռնարկվում Պերմյակովին հայտնաբերվելու ուղղությամբ»,-ասաց Տռուզյանը:

 

Ոստիկանությունը սպանություն կատարելու կասկածանքով հետախուզում է հայտարարել ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ: