Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Թուրքիա կուղեկցվի անվտանգության խստագույն միջոցառումների իրականացմամբ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet Daily News գործակալությունը:

 

Հռոմի պապի այցի ընթացքում աշխատանքի մեջ կլինեն շուրջ 2700 ոստիկան: Նրանցից հազարը կհսկ»ն այն փողոցները, որոնցով անցնելու է Ֆրանցիսկոս պապը: Անկարայի դատարանը իրավապահ մարմիններին նաև թույլատրել է բոլոր վերոնշյալ փողոցներում զննել կասկածելի թվացող անձանց:

 

Ավելի վաղ' նոյեմբերի 26-ին, Սուրբ Պետրոսի տաճարում դիմելով հավատացյալներին' Հռոմի պապը խնդրել էր նրանց աղոթել Թուրքիա կատարելիք իր այցի համար: Նա նշել է, որ այս այցը կնպաստի խաղաղությանը, միջկրոնական անկեղծ երկխոսությանը և ներդաշնակությանը թուրք ազգի ներսում:

 

Հռոմի պապը Թուրքիայում կլինի նոյեմբերի 28-30-ը: Ֆրանցիսկոս պապը նախ կժամանի Անկարա, այնուհետև կայցելի Ստամբուլ: Հռոմի պապի այցելությունը կկայանա Պոլսո Հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի հրավերով: Ֆրանցիսկոսն ու Բարդուղիմեոսը նոյեմբերի 30-ին Ստամբուլում միասին պատարագ կմատուցեն:

 

Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Ֆրանսիկոսը կլինի Հռոմի չորրորդ պապը, ով այցելում է Թուրքիա: