Ադրբեջանը հերթական անգամ խախտել է գերիների վերաբերյալ Ժնևյան կոնվենցիան' մամուլին հայտնելով դեկտեմբերի 27-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատած ԼՂՀ զինված ուժերի նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանի հետ խոսակցության մանրամասները:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը, տանջանքների դեմ կոմիտեի նախագահ Էլչին Բեհբուդովը, ով հանդիպել է Բաղդասարյանի հետ, հայտնել է նրա հետ խոսակցության մանրամասները:

 

Բեհբուդովի հավաստմամբ' նախկին պայմանագրային զինծառայողը հայտնել է, որ ինքնակամ է անցել շփման գիծը' իբր հայկական բանակի վատ վիճակի պատճառով: Նա ցանկություն է հայտնել տեղափոխվել երրորդ երկիր:

 

Նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանը դեկտեմբերի 27-ին հայտնվել է ադրբեջանական գերության մեջ: Սկզբում Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկություն էր տարածել այն մասին, թե իբր ԼՂՀ ՊԲ-ի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, ինչի արդյունքում էլ գերեվարվել է Արսեն Էդուարդի Բաղդասարյանը:

 

Սակայն ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հերքել էր այդ լուրը' տեղեկացնելով, որ տվյալ անձը, լինելով պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարութ յան որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: