Գյումրիում հունվարի 12-ին կատարված սպանության գործը քննելու հարցը համաձայն Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնության միջեւ 1997թ. կնքված ռուսական ռազմաբազայի մասին միջազգային պայմանագրի, ՀՀ իրավազորության ներքո է, իսկ մինչ այդ կատարված հանցագործությունը' դասալքություն, զենքի վարվեցողություն' ՌԴ իրավազորության: Տեսակետը քրեական դատավարության իրավունքի մասնագետ Ռուբեն Մելիքյանինն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մելիքյանը նշում է, որ խնդիրն իրավական է, հետեւաբար, հարցի կարգավորումները պետք է հիմնված լինեն իրավական կանոնակարգումների վրա: Քրեական դատավարության իրավունքի մասնագետը նշում է, որ պայմանագիրը կարգավորում է իրավազորության հարցերը ՌԴ ռազմաբազայի զինվորական ներկայացուցիչների միջեւ, որը նախատեսում է հստակ կարգավորումները:

 

«Որպես հիմնական կանոն տարածվում է Հայաստանի Հանրապետության իրավազորությունը ՌԴ զինվորական բազայում ծառայող ՌԴ զինվորականների կողմից կատարված հանցագործությունների վրա: Սա պայմանագրի 4-րդ կետն է: Միեւնույն ժամանակ, սահմանված է բացառություն ընդհանուր կանոնից, համաձայն որի, որոշ դեպքերում կարող է տարածվել ՌԴ իրավազորությունը: Շատ հստակ նշված է երեք դեպք, որոնք սահմանված են պայմանագրի 5-րդ հոդվածում: Այն հանցանքները, որ կատարվել են ՌԴ ռազմակայանի տարածքում, այն հանցանքները, որ կատարվել են ՌԴ կամ նրանց ընտանիքի անդամների դեմ, որոնք ներառված են ռուսական ռազմաբազայում եւ երրորդ կետը' զինվորական հանցագործությունն է: Այս երեք կատեգորիայի գործերը' համաձայն պայմանագրի, փոխանցված է ՌԴ իրավազորությանը: Հիմա այստեղ խնդիրն այն է, որ մենք գործ ուենք մեկից ավելի հանցագործությունների հետ:

 

Եթե խոսքը վերաբերում է սպանությանը, ապա այն որեւէ կերպ չի ներառվում այդ երեք կատեգորայի մեջ, բայց միեւնույն ժամանակ, մինչ այդ հանցանքը կատարելը կասկածյալը ենթադրաբար կատարել է նաեւ այլ հանցանքներ' մասնավորապես, զորամասը ինքնակամ լքելը, զենքի վարվեցողության կանոնների խախտումը: Այստեղ որոշակի խնդիր կա, քանի որ կատարված երկու հանցանքներից մեկը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, մյուսը' ՌԴ իրավազորությանն է ենթակա»,- ասաց Ռուբեն Մելիքյանը' հավելելով, որ պայմանագրով այս հարցի ուղիղ կարգավորում նախատեսված չէ:

 

«Չեմ բացառում, որ քանի որ միջազգային պայմանագրում ՌԴ իրավազորությունը որպես բացառություն է սահմանված, իսկ որպես կանոն սահմանված է Հայաստանի իրավազորությունը, ապա իրավամեկնաբանողական տեսանկյունից նման վիճելի դեպքերում պետք է տարածվի Հայաստանի առաջնային իրավազորությունը: Սա էլ հստակ կարգավորված չէ եւ չկա հստակություն, թե ինչպես պետք է իրականացվի այդ կարգավորումը»,- ասաց Մելիքյանը' կրկին շեշտելով, որ մեկից ավելի հանցանք է կատարվել, որից մեկը մի պետության իրավասության ներքո է մյուսը' մեկ այլ: «Այստեղ որոշակի կերպով պայմանագրի մեկնաբանման խնդիր կա եւ կարծում եմ, որ հաշվի առնելով հարաբերությունների բարձր մակարդակը ՌԴ-ի հետ, այդ հարցը կկարգավորվի: Միաժամանակ պետք է փաստել, որ որեւէ կերպ պայմանագիրը չի սահմանում հնարավորությունը, որ սպանության փաստը քննվի ՌԴ իրավասու մարմինների կողմից: Կազուսը վերաբերում է նրան, որ եթե քննությունը իրականացվում է ՌԴ-ի կողմից, ապա չկա որեւէ հիմք, որ նրանք քննեն սպանության հետ կապված փաստը: Սակայն, եթե մենք մեկնաբանում ենք պայմանագիրը եւ առանձնացնում կանոնն ու բացառությունը, ապա սպանության քննումը ՀՀ իրավազորության ներքո է»,- ասաց նա:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցների հետեւանքով։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ։

 

Կասկածյալին ռուսական 102-րդ ռազմաբազայի շարքային զինծառայող Վալերի Պերմյակովին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Նա տվել է առաջին ցուցմունքը եւ խոստովանել հանցանքը: