ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը խոստովանել է, որ սխալ է թույլ տվել՝ Փարիզում աշխարհի առաջնորդների հակաահաբեկչական երթին բարձրաստիճան պաշտոնյայի չուղարկելով: Այս մասին հայտնել է Ինտերֆաքսը' հղում անելով AP-ին:
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեսթն ասել է, որ ԱՄՆ-ն սխալ է թույլ տվել՝ Փարիզ բարձրաստիճան պաշտոնյայի չուղարկելով: Չնայած դրան՝ նա նկատել է, որ ԱՄՆ-ն սերտ հարաբերություններ է պահպանում Փարիզի հետ:
Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ նախագահի աշխատակազմում մինչև ուրբաթ օրը չեն իմացել երթի մասին, իսկ կարճ ժամկետում Օբամայի այցի նախապատրաստումն անհնարին է եղել՝ անվտանգության նկատառումներով:
Նկատվել է նաև, որ ԱՄՆ-ի նախագահին պաշտպանելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքը կարող էր խանգարել որոշ սովորական ֆրանսիացիների ներկա գտնվել արարողությանը:
Երեկ Փարիզի ահաբեկչության կապակցությամբ անցկացված երթին քառասուն երկրի ներկայացուցիչների շարքում մասնակցել է Ֆրանսիայում ԱՄՆ-ի դեսպանը: