ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է կրճատել այլ երկրներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը և Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) միացնել Պետքարտուղարությանը: Այս մասին գրում է Foreign Policy-ն՝ հղում անելով բյուջետային փաստաթղթերին և աղբյուրներին: Եթե փոփոխություններն արվեն, 2018 թվականից բազմաթիվ երկրներին տրամադրվող աջակցությունը զգալիորեն կնվազի: Օրինակ, Հայաստանին տրամարդվող աջակցությունը կկրճատվի 77.3%-ով, Ադրբեջանինը՝ 100%-ով:

 

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ԱՄՆ կողմից այլ երկրներին հատկացվող ֆինանսական օժանդակությունը արվում է բնավ ոչ ժողովրդավարության զարգացմանը նպաստելու կամ բարի կամքի դրևորումից: Ֆինանսական օժանդակության քաղաքականությունը մշտապես եղել է ԱՄՆ փափուկ ուժի գործիքակազմի ամենաարդյունավետ և լայնորեն կիրառվող զենքը: Երրորդ աշխարհի երկրներին ԱՄՆ պարզապես գնում էր, իսկ մեր նման քիչ թե շատ կայացած տնտեսությունների հովանավորումը ենթադրում էր Արևմուտքի ազդեցության պահպանում Հայաստանում և տարածաշրջանում:


Մեր պարագայում ԱՄՆ-ը մշտապես խնդիր է ունեցել հակակշռելու ռուսական կապիտալին, որը Հայաստանում դոմինանտ դիրք է զբաղեցնում: Արդյո՞ք Թրամփի վարչակազմը հրաժարվում է այս գործիքակազմից, թե՞ իրականում ԱՄՆ-ի համար եկել է գոտիները ձգելու ժամանակաշրջանը, երբ այլ պետություններին օժանդակելու վեհ ձգտումն այլևս չի տեղավորվում քեռի Սեմի բյուջեի հնարավորություններում: ԱՄՆ-ի այս որոշումը Հայաստանի համար ավելի շատ բարոյական նշանակություն կունենա և ռեալ կորուստների չի հանգեցնի:


10-20 տարի առաջ այդ օգնությունը շատ ավելի մեծ նշանակություն ուներ եւ նաեւ ֆինանսական ռեսուրսների առումով շատ քիչ աղբյուրներ կային, որոնց մենք կարող էինք ապավինել: Զարգացող երկրների ֆինանսավորումները կրճատելու հաշվին ԱՄՆ-ը ցանկանում է այդ միջոցներն ուղղվել սեփական ազգային անվտանգության խնդիրների լուծմանը: Նաև ենթադրվում է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, որը հենց պատասխանատու է այլ երկրներին օգնություն տրամադրելու համար, կմիացվի Պետքարտուղարությանը:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ