ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ քաղաքացուն առևանգելու դեպքի առթիվ' ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

 

Նախաքննության ընթացքում պարզվել են քաղաքացու առեւանգման մանրամասները։ Քննության տվյալներով՝ Երևան քաղաքի բնակիչ Է.Գյուլնազարյանը, Գ.Գևորգյանին առևանգելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով չորս անձանց հետ, Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում 2015թ. հունվարի 4-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գ. Գևորգյանի կամքին հակառակ, նրան նստեցրել է «Վազ-21110» մակնիշի ավտոմեքենան և տեղափոխել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող ավտոտնակներից մեկը։ Գեւորգյանը շուրջ 40 րոպե ապօրինի պահվել է ավտոտնակում և ծեծի ենթարկվել:

 

Նախաքննության ընթացքում՝ հունվարի 9-ին՝ ժամը 16:40-ին, 1975թ. ծնված Է.Գյուլնազարյանն ինքնակամ ներկայացել է քննչական բաժին եւ նույն օրը ձերբակալվել:

 

2015թ. հունվարի 12-ին Է.Գյուլնազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և նույն օրը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումներ՝ ավտոմեքենան և դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

 

Նախաքննությունը շարունակվում է:

 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: