Համացանցում Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) գաղտնի փաստաթղթեր տարածվելու պատճառով թուրքական դատարանը որոշել է փակել մի շարք կայքեր, այդ թվում' Facebook եւ Twitter սոցիալական կայքերը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, դատարանի որոշումը տարածվելու է այն կայքերի վրա, որոնք չեն հեռացնի MIT-ի գաղտնի փաստաթղթերը:

 

2014 թվականի հունվարի սկզբին թուրքական ժանդարմերիան Ադանայում կանգնեցրել էր Սիրիա զենք տեղափոխող մի քանի բեռնատարներ: Պարզվել էր, որ բեռնատարները պատկանում են MIT-ին: Բեռնատարներին ուղեկցել են MIT-ի աշխատակիցները, որոնց թուրք ժանդարմները պառկեցրել են գետնին եւ խուզարկել:

 

Թուրքիայի ղեկավարությունը ամեն կերպ ցանկանում է կոծկել այդ խայտառակ միջադեպը, քանի որ դրանով մեկ անգամ եւս փաստվում է, որ Անկարան ոչ միայն թիկունքային աջակցություն է կատարում Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող ահաբեկիչներին, այլեւ զենք է մատակարարում նրանց: