Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հազարավոր գյումրեցիներ դուրս էին եկել փողոց՝ Գյումրիում սպանդ կազմակերպած ռուս զինվորական Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու պահանջով: Քաղաքացիները երթով շարժվեցին դեպի ռուսական 102-րդ ռազմաբազա: Ոստիկանությունը համալրել էր ուժերը, ռազմաբազայի տարածքը ուժեղացված վերահսկողության տակ էր:

 

Թեև Շիրակի մարզի դատախազը խորհուրդ տվեց քաղաքցիներին մի քանի օր սպասել, սակայն մարդիկ պահանջում էին կոնկրետ ժամանակ ասել և հորդորեցին հենց տեղից զանգահարել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Ըստ դատախազի պատասխանի՝ հավաքված քաղաքացիները պիտի որոշեին իրենց անելիքները:

 

Խոսակցության ավարտին դատախազը հայտարարեց, որ այս պահին դեռևս քննարկումներ են ընթանում: Վաղը առավոտյան՝ ժամը 10-ից, շարունակվելու են խորհրդակցությունները, որից հետո հայտարարությամբ հանդես կգան:

 

Հավաքված քաղաքացիները բացականչում էին՝ հիմա, հիմա:

Քաղաքացիները որոշեցին հեռանալ ռազմական բազայի մերձակայքից: Պայմանավորվել են, որ վաղը 17:00-ին հավաքվելու են մարզի դատախազության մոտ և լսելու են ՀՀ գլխավոր դատախազի պարզաբանումը: