ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 15-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ:

 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ողջունելով հյուրին, բարձր է գնահատել հայ-լիտվական բարեկամական հարաբերությունները և արդյունավետ համարել նախորդ տարվա փոխգործակցությունը: Նա շնորհակալություն է հայտնել դեսպան Պետրիկասին՝ հայ-լիտվական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար:

 

Զրուցակիցները քննարկել են երկու երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային, ինչպես նաև՝ խորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:

 

ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է թե Լիտվայի, թե Եվրամիության այլ երկրների հետ քաղաքական երկխոսության շարունակականության հարցում:

 

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ դեսպան Էրիկաս Պետրիկասն իր և Լիտվայի Հանրապետության իշխանությունների անունից խորին ցավակցություն է հայտնել օրերս Գյումրիում տեղի ունեցած և անմեղ մարդկային կյանքեր խլած սահմռկեցուցիչ ողբերգության կապակցությամբ:

 

Իր հերթին արդյունավետ գնահատելով հայ-լիտվական նախորդ տարվա փոխգործակցությունն ու ձեռքբերումները՝ դեսպան Պետրիկասը վստահություն է հայտնել, որ ընթացիկ տարում հարաբերություններն առավել արգասաբեր և առարկայական կլինեն: Դեսպանն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին է փոխանցել Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավարի՝ Լիտվայի Հանրապետություն այցելելու հրավերը, ինչը սիրով ընդունվել է: