Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիա կատարած այցի շրջանակներում Անկարայում հանդիպելով Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին' նրան տրամադրել է ղարաբաղյան հիմնահարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Էրդողանը լրագրողներին հայտնել է, որ Ալիևի հետ հանդիպման ժամանակ իրենք մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:
«Թուրքիան այս հարցում շարունակում է աջակցել Ադրբեջանին»,- հայտարարել է Էրդողանը: Նշելով, որ Ալիևը հաղորդել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ վերջին տեղեկությունները' Թուրքիայի Նախագահը շտապել է իր դժգոհությունը հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ: «Մենք տեսնում ենք Մինսկի խմբի կեղծավորությունը և չենք կարող համաձայնվել այն ամենի հետ, ինչ նրանք ասում են»,- լրագրողների մոտ հայտարարել է Էրդողանը:
Իր հերթին Ալիևը կրկին մեջբերել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված և ադրբեջանական կողմից մշտապես շահարկվող չորս բանաձևի առկայությունը: