ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը միջազգային լայն աջակցություն է վայելում, ինչպես նշված է ՌԴ ԱԳՆ այս տարվա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն ինչ ոլորտներում է պահանջված՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո։
«Մենք կարեւոր ենք համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակի գծով ջանքերի շարունակությունը՝ առաջին հերթին տարածաշրջանի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական եւ հումանիտար մարտահրավերների լուծման համատեքստում։ Հիշեցնեմ նաեւ, որ սեպտեմբերի 24-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «3+2» ձեւաչափով հանդիպում են անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Այժմ եռյակը պատրաստվում է շփումների եվրոպական մի շարք մայրաքաղաքներում, եւ մենք կարծում ենք, որ կարեւոր է որքան հնարավոր է շուտ վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լայնածավալ ուղեւորությունների պրակտիկան այս տարածաշրջան»,- նշել է Զախարովան։