Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը տեղեկացված են հակամարտության կարգավորման մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային պլանի ու հանդիպումների մասին: Այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

«Կողմերն, ընդհանուր առմամբ, տեղեկացված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային պլանի մասին, որը ներառում է նաեւ նրանց շփումները ԵԱՀԿ մասնակից տարբեր պետությունների և միջազգային կառույցների հետ»,-ընդգծեց Նաղդալյանը:

Մինսկի խմբի համանախագահները մարտի 2-ին Անկարայում հանդիպում են ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, մարտի 3-ին միջնորդների հանդիպումները շարունակվել են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (BSEC) ստամբուլյան կենտրոնակայանում: Ինչպես հաղորդում է ՍԾՏՀ պաշտոնական կայքը, համանախագահների նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը նրանք ծանոթացել են կազմակերպության վերջին շրջանի գործունեությանը՝ որպես սևծովյան տարածաշրջանում առավել ընդլայնված գործակցության կարևոր հարթակ:
Համանախագահները մշտապես հանդիպումներ են ունենում Մինսկի խմբի անդամների հետ՝ ներկայացնելով հակամարտության կարգավորման գործընթացի զարգացումները: Թուրքիայում կայացած հանդիպումները ևս կարելի է դիտարկել հերթական քննարկումների տեսանկյունից: Նման այց կայացել է նաև 2017թ. նոյեմբերի 29-ին: Այցի մասին հայտարարել էր Թուրքիայի ԱԳ նախարարը՝ գրառում կատարելով Թվիթերի իր միկրոբլոգում՝ նշելով. «Ընդունել եմ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Ջեյմս Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին Անկարայում և վերահաստատել եմ Թուրքիայի աջակցությունը Մինսկի գործընթացին»:
Միջազգային կազմակերպություններում միջնորդների հանդիպումների շարքը ևս նորություն չէ, քանի որ դրանք կրում են պարբերական բնույթ: ԱՄՆ-ում՝ թե Նյու Յորքում ՄԱԿ-ի շրջանակում, թե Վաշինգտոնում խորհրդատվությունների մասին բազմիցս իրազեկում էր նաև ՄԽ ԱՄՆ նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Համանախագահները նման հանդիպում ունեցել են նաև 2019թ. սեպտեմբերին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
2018թ. հունիսին Մինսկ կատարած այցի շրջանակներում համանախագահները հանդիպել են նաև Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյի հետ: