Հայաստանը պատրաստ է ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունները, իսկ Ադրբեջանը՝ ոչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավստրալիայի խորհրդարանում այս մասին ասել է պատգամավոր Ջոն Ալեքսանդրը:
«1994 թվականի զինադադարից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը պատասխանատու է եղել բանակցությունների առաջխաղացման համար՝ ուղղված հրադադարի մշտադիտարկմանն ու հակամարտության կարգավորմանը: Լարվածության նվազմանն ուղղված երեք հիմնական առաջարկների մասին է խոսք գնում. շփման գծից դիպուկահարների հեռացում, տարածաշրջանում ԵԱՀԿ դիտորդների թվաքանակի ավելացում եւ հետաքննական մեխանիզմների ներդրում՝ որոշելու, թե որ կողմն է պատասխանատու հրադադարի հետագա խախտումների համար: Այս առաջարկություններն առնչվում են հակամարտության երկու կողմերին»,-ասել է ավստրալացի քաղաքական գործիչը եւ ընդգծել, որ վստահության եւ անվտանգության հաստատմանը վերաբերող այս առաջարկություններն ուղղված են տարածաշրջանի կայունացմանը, հետագա ագրեսիայի վերահսկմանը:
Ջոն Ալեքսանդրը շեշտել է, որ որպես ԵԱՀԿ գործընկեր Ավստրալիան եւս ունի դերակատարում՝ նորմերն ու հանձնառությունները կիսելու հարցում: