Հոկտեմբերի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում նոր իշխանության ձևավորումից հետո Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ տեղի ունեցած հանդիպումների ու համանախագահների տարածաշրջան կատարած այցերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանը գոհունակություն է հայտնել մինչ այժմ այս առումով ձևավորված դրական դինամիկայի կապակցությամբ:
Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարն ու եռանախագահներն անդրադարձել են սեպտեմբերի վերջին Դուշանբեում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպմանն ու ձեռք բերված պայմանավորվածություններին: Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ դրանց կիրառական դրսևորումն ուղղված է խաղաղության մթնոլորտի ձևավորմանն ու խթանմանը:
Նախարար Մնացականյանը նշել է, որ արդիական է մնում ռազմատենչ և ոչ կառուցողական հռետորաբանությունից հրաժարվելու անհրաժեշտությունը:
Զրուցակիցները քննարկել են եռանախագահների ձևաչափում իրականացվելիք հետագա քայլերը: Այս առնչությամբ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ, հաշվի առնելով, որ Երևանից հետո համանախագահները այցելելու են Ստեփանակերտ, այնուհետև Բաքու, դրանից հետո հնարավորություն կլինի առավել համապարփակ կերպով գնահատելու հետագա քայլերը: