ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը փետրվարի 16-ի առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ Մյունխենում, որտեղ կայացել է նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Համանախագահների տարածած հայտարարության մեջ շեշտվում է, որ նախարարների հետ քննարկել են շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող ներկայիս իրավիճակը: Համանախագահները վերահաստատել են, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա և որ պատերազմը տարբերակ չէ' կոչ անելով կողմերին զսպվածություն ցուցաբերել ինչպես տեղերում, այնպես էլ հանրային հաղորդակցության մեջ ու պատրաստել իրենց բնակչություններին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի:
Համանախագահները կոչ են արել կողմերին նաև պահպանել 1994-1995թ.թ. հրադադարի պայմանագրերը, որոնք թշնամական գործողությունների դադարեցման հիմքն են հանդիսանում: Համանախագահները հղում են արել իրենց երկրների նախագահների կողմից 2011թ-ին ընդունված Դովիլի հայտարարությանը՝ ընդգծելով, որ ուժի կիրառումը միայն կբերի ավելի շատ տառապանքի ու կործանման և կդատապարտվի միջազգային հանրության կողմից:
Համանախագահները կողմերի հետ կարծիքներ են փոխանակել այն քայլերի շուրջ, որոնք կբերեն 2016թ. Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների որոշումների իրականացմանը' նպատակ ունենալով կայունացնել իրավիճակի հակամարտության գոտում: Համանախագահները ընդգծել են առավել մեծ ճկունություն ցուցաբերելու կարիքը' կայուն կարգավորման հասնելու համար հնարավորինս շուտ համապարփակ բանակցությունները վերսկսելու հարցում:
Համանախագահներն ընդունել են, որ ադրբեջանցի զինծառայողի մարմինը վերադարձնելու Հայաստանի իշխանությունների վերջին որոշումն օգտակար հումանիտար քայլ էր: Երկու նախարարներն էլ վերահաստատել են իրենց հանձնառությունը միջազգային հումանիտար պարտականությունները կատարելու հարցում, այդ թվում նրանք, որոնք սահմանվել են 2010թ-ի հոկտեմբերին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների Աստրախանում ընդունած համատեղ հայտարարությամբ:
Համանախագահները տեղյակ են, որ 2017թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում նախատեսված է անցկացնել սահմանադրական հանրաքվե: Չնայած, որ համանախագահները նշում են, որ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները նման ընթացակարգը դիտում են որպես իրենց բնակչության հանրային կյանքը կազմակերպելու ջանք, նրանք կրկին ընդգծում են, որ որևէ երկիր, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն:
Ըստ այդմ, համանախագահները չեն ընդունում 2017թ. փետրվարի 20-ի հանրաքվեի արդյունքները՝ որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող: Համանախագահները նաև ընդգծում են, որ արդյունքները որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ ու տևական կարգավորմանն ուղղված բանակցությունների ելքը: Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան մարտին: