Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով բանակցությունները վերսկսելու կոչ են արել: Համանախագահները հայտարարություն են տարածել փետրվարի 6-ին Մյունխենում՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ ասվում է.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիուն (Ֆրանսիա) հանդիպել են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբադյանի հետ փետրվարի 5-ին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անդրեյ Կասպրշիկը: Մենք արտահայտեցինք մեր անհանգստությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ ներառյալ քաղաքացիական տարածքներում, միջադեպերի աճի վերաբերալ: Մենք նախարարի հետ քննարկեցինք նաև նման միջադեպերի նվազեցման միջոցառումները:
Մասնավորապես, կողմերի համար հրամայական է այնպիսի « քայլեր կատարելը, որոնք կկանխեն նոյեմբերի 12-ին ուղղաթիռի խոցման միջադեպերի կրկնությունը: Կողմերի միջև լարվածությունն ու բռնությունը ընդգծում են որքան հնարավոր է շուտ տևական խաղաղության հասնելու համար համապարփակ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը:
Մենք նախարարին առաջարկել ենք ավելի մեծ ճկունություն ցուցաբերել բանակցություններ սկսելու հարցում: Մենք բարձրացրել ենք Կարմիրր խաչի միջազգային կոմիտեի միջոցով անհայտ կորածների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման առնչությամբ նախագահների պայմանավորվածության կատարման կարևորությունը: Տվյալների փոխանակումը կարող է ծառայել որպես կողմերի միջև վստահության կառուցման միջոց և նպաստել կարգավորման գործընթացին:
Ի լրումն՝ մենք կոչ ենք արել վերսկսել նախագահների երկխոսությունն առաջին իսկ հնարավորության դեպքում: Համանախագահները կայցելեն տարածաշրջան այս ամսվա վերջին»: