ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները առաջարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հանդիպել Մյունխենի անվտանգության կոնֆերանսի նախաշեմին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

 

«Եռանախագահներն առաջարկել են Հայաստանի արտգործնախարարությանը հանդիպել Մյունխենի անվտանգության կոնֆերանսի նախաշեմին: Առաջարկ է հնչել նաև հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Մենք, իհարկե, երբևէ չենք հրաժարվում որևէ հանդիպումից: Բայց ինչ վերաբերում է Ադրբեջանի նախարարի հետ հանդիպմանը, այս պահին չեմ կարող հաստատել»,- նշեց Նալբանդյանը' ընդգծելով, որ հայտնի չէ, թե այս անգամ ինչ խաղեր կարող է տալ Ադրբեջանը:

 

«Պայմանավորվում ենք մի բան, սակայն վերջին րոպեին նրանք ձևացնում են, որ ինչ-ինչ պատճառներով չեն կարող, անգամ մեղադրում են, որ հայկական կողմն է հրաժարվում հանդիպումից: Ասացին, որ Համբուրգում ընդհանրապես հանդիպում չի կայացել, թեպետ հանդիպումը եղել էր եռանախագահների ներկայությամբ և արտգործնախարարների մասնակցությամբ»,- ընդգծեց ՀՀ արտգործնախարարը՝ ասելով, որ գուցե և նախարարների մակարդակով հանդիպում լինի, եթե Ադրբեջանը չհրաժարվի: