ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (ՌԴ) Կրակովում հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Համանախագահների հանդիպման վերաբերյալ տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Ջեյմս Ուորլիքը, Պիեռ Անդրյուն և Իգոր Պոպովն իրենց մտահոգությունն են հայտնել շփման գծում և հայ ադրբեջանական սահմանագծում արձանագրվող դեպքերի առնչությամբ, որոնք հանգեցնում են նաև զոհերի: Համանախագահներն ընդգծել են դեռևս նախորդ տարվանից սկիզբ առած բռնությունների աճը և դրանց դադարեցման անհրաժեշտությունը, կարևորել վստահության վերականգնման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելուն ուղղված քայլերի իրականացումը: Համանախագահները Մամեդյարովին հիշեցրել են Ադրբեջանի կողմից հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ստանձնած պարտավորությունները: «Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին ձեռնարկել բոլոր միջոցները' լարվածությունը թուլացնելու համար: Բոլոր կողմերը պետք է հետևեն հրադադարի համաձայնագրին, քանի որ բռնությունները վտանգում են խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է համանախագահների հայտարարության մեջ:
Նրանք Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել են նաև բանակցային գործընթացի շարունակության ուղղությամբ առաջիկա քայլերը, ընդգծել համապարփակ բանակցությունների անհրաժեշտությունը, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում երկարատև խաղաղության: Համանախագահները կարևորել են նաև միջոցառումների իրականացումը, որոնք թույլ կտան խուսափել շփման գծի ողջ երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանագծում հնարավոր միջադեպերից:
Զրուցակիցները քննարկել են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շրջանակում անհայտ կորածների տվյլաների փոխանակման առնչվող հարցեր:
Համանախագահներն առաջիկայում նախատեսում են հանդիպել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին և այցելել տարածաշրջան: