ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին հուլիսի 6-ին Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հանդես են եկել նոր հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների հետ՝ խստորեն պահանջելով վտանգի տակ չդնել քաղաքացիական անձանց:
Համանախագահները հուլիսի 4-ին հրադադարի ռեժիմի խախտումը համարել են սադրիչ գործողություն, որը կարող է խափանել հակամարտության կարգավորման խաղաղ ջանքերը և վտանգել գալիք բանակցությունները:
«Կողմերին հիշեցնում ենք Ժնևյան կոնվենցիայով ամրագրված նրանց պարտավորությունները, որոնք ենթադրում են զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել քաղաքացիական անձանց անընդունելի կորուստների: Առաջարկում ենք կողմերին ձեռնարկել անհետաձգելի միջոցներ լարվածության թուլացման ուղղությամբ և հստակորեն հետևել 1994-1995 թվականների հրադադարի համաձայնագրերին:
Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն ընդգծում են հակամարտության խաղաղ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու բանակցությունները սկսելու անհրաժեշտությունը, քանի որ դա է միակ իրական ճանապարհը՝ հասնելու տարածաշրջանի ժողովուրդների խաղաղությանը, բարգավաճմանն ու հաշտեցմանը»,- նշել են համանախագահները:
Հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ): Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:
Ադրբեջանական կողմը հայտարարել է քաղաքացիական անձանց շրջանում երկու զոհի և մեկ վիրավորի մասին: