ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են մայիս-հունիսին այցելել տարածաշրջան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՊԱ-ին հայտնել է ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:
Նա հիշեցրել է, որ տարածաշրջան համանախագահների վերջին այցը տեղի է ունեցել փետրվարին:
«Տարածաշրջան հերթական այցը ծրագրված է մայիս-հունիսին: Դրա համար մենք կհանդիպենք հաջորդ ամիս և կքննարկենք այցի ժամկետը: Այցի ճշգրիտ ժամկետը դեռևս որոշված չէ»,- ասել է նա:
Դիվանագետը նաև նշել է, որ իրենք աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման հիմնական օրակարգը նախապատրաստելու վրա:
«Իհարկե, մենք ծրագրում ենք նաև նախագահների հանդիպում անցկացնել: Մինչ այդ մենք պետք է անցկացնենք արտգործնախարարների հանդիպում և քննարկենք այն հարցերը, որոնք պետք է ներկայացվեն նախագահների բանակցություններում: Այդ բոլորը համանախագահները կքննարկեն հաջորդ ամիս, իրենց հանդիպման ժամանակ»,- հայտնել է նա:
Ի. Պոպովը նաև անհանգստություն է հայտնել վերջին շրջանում հակամարտ զորքերի շփման գծում լարվածության սրման կապակցությամբ, և կողմերին կոչ արել հետևել հրադադարի ռեժիմին: